Ֆինանսական Համակարգի Հաշտարար

Թարմացված է. 13.07.2020

Ձեր իրավունքների պաշտպանը ֆինանսական շուկայում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Գրասենյակն (այսուհետ` Գրասենյակ) անկախ կառավարման համակարգով կառույց է, որի հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Գրասենյակը ստեղծվել է 2008 թվականի հունիսի 17-ին ընդունված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն: Այն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թվականի հունվարի 24-ից:

Գրասենյակի` արդյունավետ գործելու եւ հանրության վստահությունը շահելու կարեւորագույն գրավականն այն արժեքներն են, որոնք որպես հիմնարար սկզբունքներ դրված են նրա գործունեության հիմքում: Այդ սկզբունքները ներառում են`

• Անկողմնակալություն
• Թափանցիկություն
• Արդյունավետություն
• Արդարություն

Գրասենյակի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունն է, նրանց պահանջների արագ, արդյունավետ եւ անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումըեւ ֆինանսական միջնորդության ավելացումը։

Գրասենյակն իրավասու է քննել

• ֆիզիկական անձանց,
• ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանկան անձանց,
• ֆինանսական կազմակերպությանը պարտավորությունների ապահովման միջոց տրամադրած անձանց (օրինակ՝ երաշխավոր, գրավ տրամադրած անձ եւ այլն) կողմից ներկայացված պահանջ-դիմումները, 

եթե հիմք համարվող գործողությունները կամ անգործությունը տեղի են ունեցել 2008թ.-ի օգոստոսի 2-ից հետո եւ Հաշտարարին դիմել են ֆինանսական կազմակերպությանը դիմելուց ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք կարող են պահանջ-դիմում ներկայացնել Հաշտարարին, եթե Հաշտարարին դիմելու պահին հանդիսանում են ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Գրասենյակ կարող են դիմել 10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող գույքային, ինչպես նաեւ վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված ոչ գույքային բնույթի պահանջներով։ Պահանջը պետք է նախապես ներկայացված լինի ֆինանսական կազմակերպությանը:

Սպառողը Հաշտարարին պահանջ-դիմում կարող է ներկայացնել ՀՀ տարածքում գործող հետեւյալ ֆինանսական կազմակերպությունների դեմ`

- Բանկեր
- Վարկային կազմակերպություններ
- Ապահովագրական ընկերություններ
- Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
- Ապահովագրական բրոքերներ
- Ներդրումային ընկերություններ
- Գրավատներ
- Արտարժույթի առքուվաճառք իրականացնող անձինք
- Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք
- Դրամական փոխանցումներ իրականացնող անձինք:

Հաշտարարին դիմելով հաճախորդը ոչինչ չի կորցնում, քանի որ Հաշտարարի ծառայություններն անվճար են, իսկ քննության գործընթացը պարզ է եւ արագ`առանց քաշքշուկների, չկա իրավապաշտպանի անհրաժեշտություն, Հաշտարարի որոշումը չի կրում պարտադիր բնույթ, եւ հաճախորդը միշտ կարող է դիմել դատարան, եթե համաձայն չէ Հաշտարարի որոշման հետ:

Հաշտարարը վստահելի է, քանի որ ունի անկախ կառավարման համակարգ եւ ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից: Պարբերաբար հրապարակվող հաշվետվություններն ապահովում են Հաշտարարի գրասենյակի գործունեության թափանցիկությունը: Հաճախորդներին միշտ տրվում է բանավոր լսումների հնարավորություն, որտեղ կողմերը կարող են բերել համապատասխան դիրքորոշումներ եւ գալ ընդհանուր հայտարարի։

Հաշտարարն իրավասու չէ քննել պահանջը, եթե նույն պահանջի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ դրա վերաբերյալ առկա է Հաշտարարի որոշումը, կամ պահանջն արդեն գտնվում է դատարանում կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում կամ քննվում է Հաշտարարի կողմից։

Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու է քննել`

- Սպառողն իրականացրել է դրամական փոխանցում, որի ուշացման հետեւանքով կրել է դրամական կորուստ։
- Սպառողն ապահովագրել է իր մեքենան եւ վթարի ժամանակ վնասել է այն, իսկ ապահովագրական ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել վնասը։
- Սպառողի վարկային հաշվից (օրինակ՝ վճարային քարտից) գանձվել է գումար, որի մասին նա տեղյակ չէ։
- Սպառողի կարծիքով վարկային կազմակերպությունը կամ բանկը սխալ է հաշվարկել իր վարկի տոկոսագումարները/ամսական մարումների չափը:

Պահանջների օրինակներ, որոնք Հաշտարարն իրավասու չէ քննել`

- Սպառողը պահանջում է, որպեսզի բանկը հետաձգի իր վարկային պայմանագրով նախատեսված տոկոսների մարման ժամկետը։
- Սպառողը դժգոհում է բջջային կապի ծառայություն մատուցող ընկերության աշխատանքից եւ պնդում է, որ ծառայության համար իրենից ավել գումար են գանձել։
- Վարկային կազմակերպությունը կամ բանկը հրաժարվում է վարկ տրամադրել։
- Սպառողը հանդիսանում է լուծարված, սնանկ ճանաչված կազմակերպության ավանդատու, պարտատեր եւ այլն:

Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյան
Հասցե 0010, ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացի փող., 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Հեռախոսահամար (060)70-11-11
Ֆաքս (010)58-24-21
Էլ. հասցե info@fsm.am
Վեբկայք http://www.fsm.am

Ամենաընթերցվածը


Smartclick.ai